Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։
Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։
Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։
Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:
Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:
Օրինակ
Կոր գծով են շարժվում կարուսելի նստարանը, ժամացույցի սլաքի ծայրը, Երկրի արհեստական արբանյակը, իսկ ուղիղ գծով՝ վերելակի խցիկը, ցած ընկնող քարը և այլն։
Շարժման արագություն
Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։
Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։
Հավասարաչափ շարժում է կատարում օրինակ, նկարում պատկերված կաթոցիկը: Այդպիսի շարժում կարող են կատարել ինքնաթիռը, ավտոմեքենան, մարդը, գնացքը և այլն: Նրանց շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ: Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:Այսպիսի շարժման ժամանակ արագությունը անփոփոխ է և ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:
Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած t ժամանակամիջոցի հարաբերությանը:
V=St
Բնության մեջ և տեխնիկայում տեղի ունեցող շարժումների մեծ մասն անհավասարաչափ է:
Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ:
Անհավասարաչափ շարժումը բնութագրվում է միջին արագությամբ:
Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա:
Vմիջ.=S:t
Այս բանաձևում V–ն միջին արագությունն է, S-ը մարմնի անցած լրիվ ճանապարհն է, t-ն՝ այդ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։
Ավտոմեքենայում տեղադրված արագաչափը ցույց է տալիս մեքենայի արագությունը շարժման տվյալ պահին։ Այն կարող է մեծ կամ փոքր լինել մեքենայի միջին արագությունից, որոշ պահերին էլ՝ հավասար լինել միջին արագությանը։ Մարմնի արագությունը հավասար է զրոյի, եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում:
Արագությունը չափվում է մ/վ, սմ/վ, կմ/ժ և այլ միավորներով:
Եթե հայտնի է շարժման արագությունը, ապա կարելի է որոշել, թե ինչ ճանապարհ կանցնի մարմինը ցանկացած t ժամանակում S=V⋅t բանաձևով:
Արագությունը չափող սարքը կոչվում է արագաչափ:
Բնության մեջ մարմինները կարող են շարժվել տարբեր արագություններով:
Օրինակ
Արբանյակը Երկրի շուրջը պտտվում է մոտավորապես 8 կմ/վ արագությամբ, այսինքն` 1 վ-ում անցնում է 8 կմ ճանապարհ:
Դասարանական աշխատանք
Պատասխանել հարցերի
- Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
Մարմնի շարժումը մեկ այլ մարմնի նկատամբ։
- Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
Ձուկը շարժվում է ափի, գետի և իր շուրջը գտնվող ամեն ինչի նկատմամբ։
- Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
Արագությունով
- Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:Այսպիսի շարժման ժամանակ արագությունը անփոփոխ է և ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:
Արագությունը չափվում է մ/վ, սմ/վ, կմ/ժ և այլ միավորներով: